1387 ծառայություն շուրջ 670 շահառուի. «Անկախ կյանք» միջմարզային ֆորումի ընթացքում ամփոփվեցին Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրին իրենց հաջողված պատմությունները և արձանագրած արդյունքները, իսկ ԱՄՆ-ից տեսակապով միացած փորձագետներն անդրադարձան կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կյանքի կենտրոնների և համայնքի միջև արդյունավետ համագործակցությանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի խթանմանն ուղղված հերթական նախաձեռնությունը Գյումրիում անցկացվող «Անկախ կյանք» երկօրյա ֆորումն է, որը, «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանի խոսքով, մի հարկի տակ է հավաքել Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանների, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչներին և հաշմանդամություն ունեցող առաջնորդ անձանց: «Անկախ կյանքի կենտրոնների ձեռքբերումների ներկայացումը և երկօրյա կառուցողական քննարկումները հիմք կհանդիսանան մասնակիցների միջև սերտ համագործակցության ձևավորման և ջատագովության հստակ գործողությունների համար` ի նպաստ Շիրակի և Լոռու մարզերի անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների արդյունավետ գործունեության և կայունության»,- նշում է Կ. Գրիգորյանը:
Ֆորումի աշխատանքների մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը: Իր ելույթում մարզպետի խորհրդականն ընդգծեց՝ ֆորումն առանձնահատուկ է նրանով, որ միջմարզային է և ավելի լայն համագործակցության հնարավորություն է տալիս:
Անդրադառնալով պատկան մարմինների և անկախ կյանքի կենտրոնների համագործակցությանը՝ ֆորումի մասնակից, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, նշում է. «Անտարակույս է, որ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը նման ֆորումների միջոցով ավելի լայն լսարան ապահովելով հանդերձ, նաև կրթում են մի հանրային ստվար հատվածի, որի առաջնահերթ խնդիրն է ոչ միայն խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները, այլև անմիջական մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»:
Հիշեցնենք, որ ֆորումը կտևի երկու օր: Մասնակիցները կմշակեն ջատագովության գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։
Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: