«Այսօր դժվար է պատկերացնել, որ ամիսներ առաջ ինքնամփոփ տղան, այժմ մեր ամենաակտիվ աշակերտներից մեկն է»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի դասընթացավար

Երկուշաբթի օր, «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Մեկնարկում է անկախ կյանքի հմտությունների և գրաճանաչության հերթական դասը։ Մեր շիկահեր, ժպտերես աշակերտին անհնար է չնկատել․ նա սկսում է զրուցել  ընկերների հետ, հետո հարցնում է ընկեր Աննային, թե այսօր ինչ են սովորելու, հավելում է, որ նախորդ դասին սովորածի պես տանը հաշվել է իր բոլոր գրիչներն ու մատիտները։

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել, որ ամիսներ առաջ Հովհաննեսը խմբի մյուս երեխաների հետ չէր շփվում և ինքնամփոփ էր, իսկ ինձ հետ խոսում էր միայն այն ժամանակ, երբ սենյակում միայնակ էինք։ Այժմն նա մեր ամենաակտիվ աշակերտներից մեկն է, ով ցանկացած հարցի վերաբերյալ ունի իր կարծիքը»,- ասում է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի անկախ կյանքի և գրաճանաչության դասընթացավար Աննա Ղուկասյանը։

Զրուցում ենք Հովհաննեսի հետ, նա պատմում է իր առօրյայի մասին, որի անբաժանելի մասը Կենտրոն հաճախելն է։ Ասում է՝ սիրում է հեռուստատեսությամբ զվարճալի հաղորդումներ դիտել, զբոսնել ու տանը խաղալ իր փոքրիկ քրոջ և եղբոր հետ։ Նա հավելում է, որ շատ է սիրում երկուշաբթի օրերը, որովհետև շաբաթվա հենց այդ օրերին է Կենտրոն գալիս։

Կենտրոնի շահառու Հովհաննես Մաթևոսյանը

Հովհաննեսի մայրը՝ տիկին Մարիամն ասում է, որ որդին բնավորությամբ հանգիստ երեխա է, հազվադեպ է իր զգացմունքները բարձրաձայն արտահայտում, բայց երբ տուն է վերադառնում Կենտրոնից, սկսում է ոգևորված պատմել, թե ինչպես է անցել իր օրն «Ագաթ»-ում։ «Հովհաննեսն անդադար պատմում է, թե ինչ նոր բաներ է սովորել, խոսում է իր ուսուցչուհու ու ընկերների մասին։ Նա ամեն անգամ անհամբեր կերպով սպասում է, թե հաջորդ անգամ երբ պետք է Կենտրոն գնա»,- պատմում է Հովհաննեսի մայրը։

Կենտրոնի շահառու Հովհաննես Մաթևոսյանը և անկախ կյանքի և գրաճանաչության դասընթացավարի օգնական Եղիսաբեթ Մելքոնյանը

Համառ ու աշխատասեր, շիտակ ու նվիրված․ այսպես են բնութագրում Հովհաննեսին Կենտրոնի աշխատակիցները, ովքեր հասցրել են նրան ճանաչել։ «Հովհաննեսի մեջ ինձ հիացնում է նրա ընկերասիրությունը։ Երբ ընկերներից մեկը սխալ է անում, նա նույնպես տխրում է, փորձում է օգնել։ Հովհաննեսը հավատարիմ և նվիրված ընկեր է»,- նշում է Աննա Ղուկասյանը։

 

«Ագաթ» ԱԿՌԿ-ն հիմնադրվել է «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: