Դեկտեմբերի 14-ին, Երևանում, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը ներկայացրեց «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները և արձանագրված նախնական արդյունքները: Հիշեցնենք, որ «Ագաթ»-ը ծրագրում ընդգրկված է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կազմում:
Գ. Գրիգորյանը նշեց, որ ծրագրին մասնակցելու նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվացնելու միջոցով նրանց կողմից ընտրական իրավունքի իրացումը խթանելն է ընտրական գործընթացի տարբեր փուլերում. «Ծրագրի շրջանակներում անցկացրել ենք իրազեկման բարձրացմանը և հզորցամանն ուղղված հինգ դասընթաց Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում, երկուս դասընթաց էլ Երևանում՝ ընդգրկելով հարակից տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող բնակիչներին»:
Դասընթացներին մասնակցած տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 100 անձանցից «Ագաթ» ՀԿ-ի կողմից հավատարմագրվել են 45-ը:
Այնուհետև անցկացվել են դիտորդների վերապատրաստման դասընթացներ Վանաձորում և Երևանում. «Հաշմանդամություն ունեցող 36 վերապատրաստված դիտորդներից ընտրությունների օրը կարողացել ենք ապահովել 32 շրջիկ և տեղամասային դիտորդների մասնակցություն: Մեր դիտորդները տեսողության, լսողության խնդիրներ, ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք են: Ընտրատեղամասերում նրանց ներկայությամբ ցույց ենք տվել, որ արձանագրված բազմաթիվ խախտումներ առնչվում են հենց հաշմադամություն ունեցող անձանց»:
Անդրադառնալով մատչելիության հետ կապված խախտումներին՝ Գ. Գրգորյանը նշեց, որ խոսքը հիմնականում անմատչելի ընտրատեղամասերի մասին է. «Դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերում են ընտրատեղամասերի անմատչելիությանը: Դիտարկված ընտրատեղամասերի 6%-ը մուտքի թեքահարթակի կարիք չի ունեցել, սակայն անվասայլակով տեղաշարժվող մարդիկ իրենց ընտրական իրավունքը իրացնելիս բախվել են դժվարության շենքերի ներսում, որոնց 10%-ում քվեարկության սենյակը տեղակայված է եղել երկրորդ հարկում կամ նկուղային մասում և վերելակներ չեն եղել: Դիտորդները նաև նշել են սանհանգույցի անմատչելիության խնդիրը»:
Զեկուցողը հավելեց, որ ընտրատեղամասերի մեծ մասում չեն եղել խոշորացույցեր՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, իսկ որոշ ընտրատեղամասերում ոչ բավարար լուսավորության պատճառով վերջիններս դժվարացել են ինքնուրույն քվեարկել:
Խոսելով ներքին կահավորման հետ կապված խնդիրների մասին՝ զեկուցողն ընդգծեց, որ մի շարք ընտրատեղամասերում քվեախցիկները տեղադրված են եղել պատին շատ մոտ:
Գ. Գրիգորյանը ներկայացրեց նաև հետագա քայլերը, մասնավորապես նշելով, որ նախատեսվում է օրենսդրական և քաղաքականության բարեփոխումներին ուղղված առաջարկությունների մշակում և ներկայացում:
Դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված արդյունքները կամփոփվեն առաջիկայում ներկայացվելիք զեկույցում:
Հավելենք, որ «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Գ. Գրիգորյանի զեկույցը՝ 38:55 րոպեից