«Ամոթ չէ». հոգեբանը, որը սովորեցնում է չվախենալ սեփական հոգեկան առողջությունից

Հասարակական կարծիքը դեռևս ճնշող է, և մարդիկ հաճախ նախընտրում են լռել՝ խտրականությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Սա է այսօրվա իրականությունը, որի մեջ ապրում են հոգեկան առողջության խնդիր ունեցող հազարավոր անձինք։ 38-ամյա Մոնիկա Հովսեփյանն էլ բացառություն չէր։
Մոնիկան 6 տարի առաջ արտերկիր տեղափոխվեց, ամուսնու մոտ, որտեղ էլ սկսվեց նրա կյանքի ծանր ու լուռ պայքարը։ «Արտերկիր տեղափոխվելը, որը գիտակցված ու կշռադատված որոշում էր, իր հետ բերեց անսպասելի հոգեկան ծանրություն։ Միգրացիան բարդ երևույթ է. մեկուսացում, նոր միջավայր։ Հայտնվում ես մի տեղ, որտեղ միակ կապող օղակն, իմ դեպքում ամուսինս էր, և անկախ քո կամքից հոգեկան աշխարհդ սկսում է փլուզվել», – «Ինձ Լսեք» նախաձեռնության շրջանակում պատմում է Մոնիկան։ Սկզբնական շրջանում ամեն ինչ թվում էր հաղթահարելի. Մոնիկան կարծում էր, թե սրանք սովորական հոգեբանական դժվարություններ են՝ կապված միջավայրին փոփոխության հետ։ Խուսափում էր շփումներից, տրամադրության պարբերական անկումներ ու մեկուսանալու ցանկություն ունենում։ Մոնիկան հոգեբան է և արագ հասկացավ, որ մասնագիտական միջամտության կարիք ունի, դիմեց ու մոտ 2 տարի հոգեբանի հետ աշխատեց, բայց կրկնվող դեպրեսիվ հակազդումներն ու հանգիստ չտվող սուիցիդալ մտքերը հուշում էին, որ խնդիրն ավելի խորքային է։ «Պարբերաբար կրկնվող դեպրեսիվ դրսևորումները հաղթահարելու նպատակով հոգեբանն առաջարկեց դիմել հոգեբույժի խորհրդատվությանը։ Հենց մասնագիտական այս զրույցի ընթացքում էլ վեր հանվեց խնդրի իրական պատկերը. ախտորոշվեց երկբևեռ աֆեկտիվ խանգարում», – պատմում է նա։ Սկսվեց դեղորայքային բուժումը, համակցելով հոգեթերապիայի հետ։ Արդյունքում Մոնիկայի վիճակն էականորեն բարելավվեց, հիմա ռեմիսիայի փուլում է։ Մոնիկան ինքն էլ մասնագիտությամբ հոգեբան է ու շատ լավ գիտակցում էր դեղորայքային բուժման կարևորությունը։ Սակայն սա մի թեմա է, որն այսօր խեղդվում է կարծրատիպերի մեջ։ Շատերը դեռ հավատում են, թե կարելի է բուժվել առանց դեղերի, իսկ հոգեբույժին դիմելը համարում են «ամոթալի»։ «Նման նախապաշարմունքների պատճառով է, որ մարդիկ խուսափում են մասնագետից, ինչը բերում է խնդրի խորացման։ Սա ոչ միայն խաթարում է կյանքի որակը, այլև դառնում է իրապես վտանգավոր՝ ընդհուպ սպառնալով մարդու կյանքին։ Սա այն դեպքերից է, որ ժամանակին ստացած բժշկական օգնությունն իրավիճակը կարող է լիովին կառավարելի դարձնել՝ վերականգնելով կյանքի որակը», – ասում է նա։ Որպես մարդ, ով անձամբ է անցել հոգեկան առողջության խնդիրների բոլոր դժվար փուլերով՝ դեպրեսիվ մեկուսացումից մինչև ախտորոշման ընդունում, այժմ որոշել է կիսվել իր փորձով ու սեփական օրինակով ապացուցել, որ հոգեկան առողջության խնդիրը ոչ թե անձի որակական բնութագիր է կամ պիտակ, այլ կառավարելի վիճակ, որը չի խլում մարդուց արժանապատիվ ապրելու, ստեղծագործելու և հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքը։ Մոնիկան վերագործարկում է իր «Ամոթ չի» սոցիալական հարթակը։ Այս անգամ նրա նպատակն ավելին է, քան պարզապես տեղեկատվություն տարածելը. նա ցանկանում է սեփական օրինակով ու մասնագիտական գիտելիքով օգնել նրանց, ովքեր դեռ վախենում
են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։ «Հոգեկան առողջությունն անփոխարինելի արժեք է, և այն անտեսելով կամ մերժելով՝ խնդիրները չեն անհետանում։ Ընդհակառակը՝ դրանք դառնում են ավելի տեսանելի ու կործանարար։ Մենք պետք է ընդունենք, որ ինչպես մեր մարմինը, այնպես էլ մեր հոգին կարող է խոցելի լինել ու խնամքի կարիք ունենալ։ Հատկապես այսօր, երբ դեպրեսիան ու տագնապային վիճակներն այդքան տարածված են, կարևոր է չլռել», – եզրափակեց Մոնիկան։

Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։