«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը և ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը ապրիլի 1-3-ը մասնակցել են Բեռլինում կայացած Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին (Global Disability Summit), ինչպես նաև դրան նախորդած քաղաքացիական հասարակության ֆորումին։
Գագաթնաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Կանցլեր Օլաֆ Շոլցը, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ը և ՄԱԿ-ի Գլխավոր փոխքարտուղար Ամինա Մոհամմեդը։
Օրակարգում եղել են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, նրանց իրավունքների իրացման նկատմամբ միջազգային հանձնառություններին և տարածաշրջանային համաժողովների արդյունքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի Հանրապետությունը միացավ Ամման-Բեռլինի հռչակագրին, որը նոր ազդակ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։
Հռչակագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը և ընդգծում է նրանց ներառման կարևորությունը միջազգային զարգացման համագործակցությունում և մարդասիրական գործողություններում։
Հռչակագրի հիմնական նպատակներից են՝
-
Բոլոր միջազգային զարգացման ծրագրերի ներառական և մատչելի դարձնելը հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապահովելով հավասարություն և խուսափելով խտրականությունից։
-
Նպատակադրել, որ երկրի մակարդակում իրականացվող զարգացման ծրագրերի առնվազն 15%-ը հատուկ ուղղված լինի հաշմանդամության ներառմանը՝ արտահայտված որպես «15 տոկոս՝ 15 տոկոսի համար» սկզբունք։
Այս հռչակագիրը կարևոր քայլ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջխաղացման գործում՝ խրախուսելով երկրներին և կազմակերպություններին ընդունել կոնկրետ պարտավորություններ ներառական զարգացման ուղղությամբ։
Մեզ համար գագաթնաժողովը նաև հրաշալի հնարավորություն էր գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքային հանդիպումների, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների մեկնարկի համար։