«Սկսեցի ինձ զգալ համայնքի լիիրավ անդամ»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու

Շիրակի մարզի Թորոսագյուղ համայնքի բնակիչ 35-ամյա Սարգիս Սարգսյանը «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին իմացել է գյուղի համայնքապետարանից։ Այժմ Սարգիսը Կենտրոնի կողմից կազմակերպվող հանդիպումների, քննարկումների ու միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ «Կենտրոնն ինձ կապեց արտաքին աշխարհի հետ`հատկապես այս դժվարին ժամանակահատվածում, երբ, համավարակով պայմանավորված, շատ քիչ եմ տնից դուրս գալիս։ Ես սկսեցի զգալ ինձ համայնքի լիիրավ անդամ, ով հնարավորություն ունի հաղորդակցվել մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հետ, բարձրացնելու իրեն հուզող հարցերը ոլորտի տարբեր մասնագետների՝ այդ թվում որոշում կայացնողների մոտ և ստանալու պատասխաններ»,- ասում է նա։

Կենտրոնի կողմից մատուցվող հիմնական ծառայություններից Սարգիսը ստանում է փոխօգնություն և հոգեբանական խորհրդատվություններ։ Նա անկեղծանում է՝ Կենտրոնի շահառու լինելու ավելի քան 4 ամիսների ընթացքում շատ բան է սովորել, հասկացել է, թե ինչ է անկախ կյանքի իրավունքը և որքան կարևոր է դրա իրացումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ «Փոխօգնության ամեն մի հանդիպումից ինձ համար օգտակար տեղեկատվություն եմ քաղում, հնարավորություն ստանում լսել ուրիշների փորձի մասին և կիսվել իմ փորձով ու կարծիքով։ Սիրով եմ մասնակցում այդ հանդիպումներին․ դրանք այնքան ոգևորող ու մոտիվացնող են»,- ընդգծում է Սարգիսը։

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանն, անդրադառնալով Կենտրոնի իրականացրած համայնքային այցերին, նշում է․ «Թե՛ համայնքապետերը, թե՛ համայնքապետարանի աշխատակիցները, թե՛ մեր այցելած ամբուլատորիաների և պոլիկլինիկաների աշխատակիցները սիրով լսում էին մեզ և պատրաստակամություն հայտնում համագործակցել։ Երբեմն երկար զրույցներ էին ծավալվում անկախ կյանքի մասին, ներկայացնում էինք, թե ինչպես է մեր Կենտրոնը իր ծառայությունների միջոցով խթանում հաշմանդամություն  ունեցող անձանց անկախ կյանքը։ Այցերից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր էինք ստանում։ Հիշում եմ՝ հերթական այցերից վերադառնում էինք Գյումրի, դեռ չէինք հասել գրասենյակ, հեռախոսազանգ ստացանք Փանիկ համայնքից, փաստորեն համայնքապետարանը շատ օպերատիվ կերպով փոխանցել էր Կենտրոնի մասին տեղեկատվությունը համայնքի հաշմանդամություն ունեցող բնակիչներին»։

Ընդհանուր առմամբ, Կենտրոնի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի թվով  89 համայնք և, հանդիպելով համայնքների ղեկավարների և աշխատակիցների հետ, ներկայացրել են Կենտրոնի գործունեությունը, փոխանցել տեղեկատվական նյութեր, որոնք համայնքապետարանների ջանքերով տարածվել են այդ համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: