Հաշմանդամություն ունեցող անձինք մշակեցին ընտրական գործընթացների մատչելիության խթանմանն ուղղված առաջարկություններ

«Նախորդ ընտրություններին չեմ մասնակցել մատչելիության բացակայության պատճառով։ Նախկինում մեր համայնքի ընտրական տեղամասում մասնակցել եմ ընտրությունների թե՛ որպես ընտրող և թե՛ որպես դիտորդ, և ամեն անգամ ինձ ինչ-որ մեկն օգնել է մուտք գործել տեղամաս։ Այս անգամ չուզեցի նման կերպ գնալ ընտրության և իմ ընտրական իրավունքն իրացնել ինչ-որ մեկի օգնությամբ»,- ասում է Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակչուհի Քրիստինե Կիրակոսյանը, ով անվասայլակ է օգտագործում։ Քրիստինեն մեկն է Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող այն  21  անձանցից, ովքեր մասնակցեցին Եվորպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթաց-աշխատաժողովին։

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքի իրացմանը, խթանել ընտրական գործընթացներում նրանց մասնակցությանը:

Երկօրյա դասընթացի և աշխատաժողովի ավարտին Քրիստինեն նշում է, որ իր համար վերաիմաստավորվեց քաղաքական մասնակցությունը․ «Այն գիտելիքները, որոնք այս երկու օրերի ընթացքում ձեռք բերեցի, ինձ վստահություն ու ոգևորություն տվեցին, որ կրկին պայքարեմ իմ համայնքում մատչելիության և ներառականության համար»։

Ծրագրի հաշմանդամության ոլորտի փորձագետ Գայանե Գրիգորյանը ներկայացրեց քաղաքական մասնակցության կարևորությունը, արդյունավետ ջատագովություն և շահերի պաշտպանություն իրականցնելու հստակ մեթոդները, անդրադարձավ որոշում կայացնողների հետ հաղորդակցման և համագործակցության ճշգրիտ քայլերին։

Մասնակիցները, հիմնվելով ընտրական գործընթացներում սեփական փորձի վրա, առանձին աշխատանքային խմբերի շրջանակներում վերլուծեցին ընտրական գործընթացի տարբեր փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտները, ինչպես նաև մինչ այժմ ընտրական գործընթացների ներառականության ապահովման նպատակով կատարված աշխատանքները։ Առանձին աշխատանքային խմբերի շրջանակներում նրանք մշակեցին առաջարկություններ՝ ուղղված որոշում կայացնողներին։ «Առաջարկությունների հիմնական նպատակն է որոշում կայացնողներին ցույց տալ առկա այն խոչընդոտները, որոնց արդյունքում հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձինք չեն կարողանում անարգել կերպով իրացնել իրենց քաղաքական մասնակցության իրավունքը»,- նշում է Գայանե Գրիգորյանը։

Փորձագետը հավելեց, որ ավելի ուշ առաջարկությունների և առաջնահերթությունների հիման վրա կմշակվի քաղաքականության փաստաթուղթ, որը կներկայացվի Շիրակի մարզպետարանին, Գյումրու համայնքապետարանին և այլ շահագրգիռ կառույցներին։

Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: