Հանդիպում «Ընտրություններ բոլորի համար» ծրագրով գործընկերների հետ

Փետրվարի 15-ին, Երևանի Օպերա Սուիթ հյուրանոցում «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գործընկերների հերթական հանդիպում-քննարկումը: Ներկայացվեցին իրականացված և ընթացիկ գործողությունները, արձանագրված արդյունքները: Քննարկվեցին նաև առաջիկայում իրականացելիք քայլերը, հստակեցվեցին ապագա համագործակցության շրջանակները:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները ներկայացրեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ «Ագաթ» կենտրոնի անցկացրած իրազեկման բարձրացման դասընթացներին մասնակցել են հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի 102 անձինք՝ Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերից և Երևանից:  Նա նշեց ընտրական գործընթացի մատչելիության վերաբերյալ «Ագաթ» կենտրոնի կողմից մշակված ստուգաթերթերի մասին, որոնք դիտորդները լրացրել են ընտրություններից հետո՝ համաձայն իրենց կատարած դիտարկումների:

Գ.Գրիգորյանը հիշեցրեց ներկաներին, որ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շուրջ 25 կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միավորում է:

Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք գործողություններին՝ Գ. Գրիգորյանը մասնավորապես նշեց. «Փետրվարի 25-26-ը տեղի ունենա աշխատաժողով, որի ընթացքում կմշակվեն օրենդրական և քաղաքականության բարեփոխումների առաջարկներ՝ ուղղված կառավարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հասարակական կազմակերպություններին, հաշմանդամություն ունեցող անձանց և ԶԼՄ-ներին»:

Հիշեցնենք, որ «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

[views]