ՄԻՊ աշխատակազմի հետ հանդիպմանը խոսվեց հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների մասին

Մարտի 19-ին, Գյումրիում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների միջև: Հանդիպումն իրականացվեց «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը:

Խտրականության բացառման և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների թեմայով քննարկմանը խոսքով հանդես եկան ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: ՀԿ-ների ներկայացուցիչները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ կապված զբաղվածության, առողջապահության և այլ ոլորտներում կանանց ներգրավվածության հետ: Անդրադարձ կատարվեց նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին:

«Ագաթ» կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայան Գրիգորյանը, ով նաև «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող «Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն» ծրագրի ղեկավարն է, ոչ միայն անդրադարձավ խտրականության այն դեպքերին և դրսևորումներին, որոնց ամենից հաճախ բախվում են հաշմանդամություն ունեցող կանայք, այլև կարևորեց իրավապաշտպան ՀԿ-ների՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալով կանանց հավասար իրավունքների հարցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելը և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքեր գործադրելը:

«Մի շարք ոլորտներում առկա են մեծ բացեր՝ կապված հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ապահովման հետ: Վերջիններս, լինելով կրկնակի խտրականության ենթարկվող խումբ (թե՛ որպես կանայք, թե՛ որպես հաշմանդամություն ունեցող անձինք),  շատ հաճախ են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի բախվում, ենթարկվում ընտանեկան բռնության: Որպես օրինակ նշեմ միայն մեկը՝ առողջապահական ոլորտը: Մեր շահառուներից մեկը, ով լսողության խնդիրներ ունի, ծննդաբերելիս դժվարություններ է ունեցել բժիշկների հետ հաղորդակցվելիս, ովքեր չեն հասկացել կնոջը և չեն կարողացել նրան ցուցումներ տալ, եթե հնարավոր չլիներ ապահովել նրա սկեսրոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում, ապա նա գուցե արդյունքում լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեր: Այս հարցը, սակայն, չի սահմանափակվում միայն ծննդաբերության ընթացքով, խնդիրները վերաբերում են հղիության ողջ շրջանին: Սա խտրական վերաբերմունք է լսողության խնդիր ունեցող կնոջ նկատմամբ, ով չի կարողացել բոլորի հետ հավասար հիմունքներով օգտվել իր իրավունքից»,- նշեց Գ. Գրիգորյանը:

Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությանը՝ Գ. Գրիգորյանը նշեց, որ համագործակցությունը կառույցի հետ արդյունավետ քայլ կլինի հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության գործում:

Գ. Գրիգորյանը կարևորեց նաև իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցությունը կոալիցիաների շրջանակներում՝ մասնավորապես առանձնացնելով Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիաները:

Հիշեցնենք, որ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացնում է «Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն» ծրագիրը: «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: 

[views]