ԱԺ արտահերթ ընտրությունները անմատչելի էին հաշմանդամություն ունեցող անձանց համար

2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում Հանրապետության ընտրական տեղամասային կենտրոնների մեծ մասն անմատչելի է եղել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Այս մասին է են վկայում ՀՀ ընտրական տեղամասային կենտրոնների ֆիզիկական մատչելիության վերաբերյալ դիտորդների կողմից տրամադրված տվյալները, որոնք ամփոփվել են «Ագաթ» ՀԿ-ի կողմից պատրաստված «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները մատչելիության տեսանկյունից» զեկույցում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դեկտեմբերի 9–ի դրությամբ բնակչության մոտավորապես 6%-ը կազմել են հաշմանդամություն ունեցող չափահաս քաղաքացիները, որոնք, ինչպես պարզվել է հետազոտության արդյունքում, չեն կարողացել անարգել և առանց խոչընդոտների իրացնել իրենց ընտրական իրավունքը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կազմում դիտորդները արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9–ին, իրենց ուսումնասիրությունն են իրականացրել 71 ընտրական տեղամասային կենտրոնում, որոնցից 51-ը գտնվում էին քաղաքներում, իսկ մնացածը՝ գյուղերում: Ընտրատեղամասային կենտրոնների զգալի մասը տեղակայված է եղել դպրոցներում:

Երկարաժամկետ դիտորդները մատչելիության դիտարկում են իրականացրել Հանրապետության 302 ընտրական տեղամասում, 2018թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտմեբրի 8-ն ընկած ժամանակահատվածում: Դիտրոդների թվում էին նաև  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից ներկայացած հաշմանդամության տարբեր խմբերի 35 անձինք:

Թեև ԱԺ ընտրությունների օրը դիտորդների կողմից ուսումնասիրված 71 ԸՏԿ-ից 30-ում առկա էին թեքահարթակներ, այնուամենայնիվ դրանց 50%-ի դեպքում լայնությունը չի համապատասխանել ընդունված չափանիշներին: Ընդհանուր առմամբ երեք թեքահարթակ է համապատասխանել բոլոր չափանիշներին՝ լինելով մատչելի անվասայլակ օգտագործող անձանց համար:

[su_note note_color=”#12a1e5″]Երկարաժամկետ դիտորդների կողմից ուսումնասիրված 302 ընտրատեղամասից 86-ում է եղել թեքահարթակ, որոնցից ընդամենը 6-ն են լիովին բավարարել թեքահարթակի հետ կապված պահանջները, մնացյալ 80-ի դեպքում լայնությունը, երկարությունը, թեքությունը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:[/su_note]

Թեև ուսումնասիրված ընտրատեղամասերի զգալի մասը, ներառյալ թեքահարթակ ունեցող ութսունից ավելի ընտրատեղամասերից շատերը, գտնվել են Երևանում, սակայն մատչելի հանդիսացող այդ վեց թեքահարթակներից որևէ մեկը չի եղել երևանյան ԸՏԿ-ում: Դրանցից երեքը եղել են գյուղերում, ևս երեքն էլ Արմավիր, Դիլիջան և Գյումրի քաղաքներում:

Ընտրական տեղամասերի ճնշող մասում սանհանգույցը մատչելի չի եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, ինչը լուրջ խոչընդոտ է հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող դիտորդների, հանձանաժողովականների համար: Երկարաժամկետ դիտորդների կողմից ուսումնասիրված տեղամասերից 208-ում սանհանգույցը մատչելի չի եղել, 51-ում ընտրատեղամասում դիտրոդները դժվարացել են պատասխանել հարմարեցված է եղել այն, թե ոչ: 

Ըստ կարճաժամկետ դիտորդների արձանագրած տվյալների՝ ընտրատեղամասերի 56%-ում մեծ տառաչափով ընտրական ուղեցույց չի եղել, իսկ 73%-ում չեն եղել խոշորացույցեր՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար:

[su_note note_color=”#12a1e5″]Մեկ այլ խնդիր էր հանձնաժողովի անդամների պատրաստվածությունը՝ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց հետ աշխատելու համար: Կարճաժամկետ դիտորդների ուսումնասիրած ընտրատեղամասերի 35%-ում հանձնաժողովի անդմաները վերապատրաստված չեն եղել: Ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամներն ասել են, որ «իրենք գործ չունեն հաշմանդամների հետ»: Այսպիսի խտրական դիրքորոշումը ևս մտահոգիչ է և վկայում է որոշ ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող քաղաքացու ընտրական իրավունքը չկարևորելու մասին:[/su_note]

Ընտրատեղամասերում կարևոր պայմաններից է նաև համապատասխան լուսավորվածության ապահովումը: Համաձայն դիտորդների դիտարկումների՝ քվեասենյակը և քվեախցիկը բավարար լուսավորված են եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերում:

Քիչ չեն դեպքերը, երբ քվեասենյակի կահավորումը խոչընդոտ է հանդիսացել քվեարկությանը հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը. ընտրատեղամասերի 17%-ում քվեախցիկը բավականաչափ ցածր չի եղել, որպեսզի անվասայլակով տեղաշարժվող անձինք կարողանան առանց կողմնակի օգնության իրացնել իրենց ընտրական իրավունքը:

[su_note note_color=”#12a1e5″]Արտահերթ ընտրությունների օրն ուսումնասիրված  71 ԸՏԿ-ներից վեցը եղել են նաև երկարաժամկետ դիտորդների կողմից մինչ ընտրությունները դիտարկված 302 ԸՏԿ-ի շարքում: Հատկանշական է, որ դրանցից որևէ մեկում ընտրությունների օրը փոփոխություն չի արձանագրվել, այսինքն՝ մինչ այդ դիտարկված բացերը, մատչելիության խոչընդոտները շարունակել են մնալ ուշադրությունից դուրս, որևէ փորձ չի արվել իրավիճակը բարելավելու համար:[/su_note]

Այսպիսով, թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ դիտորդների կողմից արձանագրված իրավիճակը` կապված հաշմանդամություն ունեցող ընտրողների համար ԸՏԿ-ների մատչելիության հետ, վկայում է, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ պատկերը գրեթե չի փոխվել, և ԸՏԿ-ները շարունակում են մեծ մասամբ դժվարամատչելի լինել հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար:

 Հիշեցնենք, որ զեկույցը պատրաստվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

[su_slider source=”media: 4200,4191,4208,4193,4207,4190,4205,4204,4203,4202,4201,4199,4198,4197,4196,4195,4194,4192,4189,4188,4187,4186,4185,4184,4183,4182″ width=”620″ height=”440″]

 

[views]